Նախաբան
1949թ. հիմնադրված Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) միջկառավարական կազմակերպություն է, որն այժմ միավորում է ողջ եվրոպական մայրցամաքն ընդգըրկող 46 անդամ պետություններ ներկայացնող շուրջ 800 միլիոն եվրոպացիների: Այս համաեվրոպական կազմակերպությունը կոչված է խթանել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը՝ Եվրոպայի խորհրդի երեք հիմնաքարերը, ինչպես նշված է կազմակերպության հիմնադիր Կանոնադրության մեջ: Ցանկացած եվրոպական պետություն կարող է անդամակցել Եվրոպայի խորհրդին, եթե ընդունում ու կենսագործում է իրավական պետության սկզբունքները, երաշխավորում է իր իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքները և ազատությունները:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի խորհուրդը եվրոպացիների առօրյա կյանքում ծագող խնդիրներին (բացառությամբ պաշտպանության) առնչվող չափանիշներ և ուղենիշներ է նախատեսում: Մասնավորապես, կենսունակ կազմակերպություն լինելով և ընթացիկ զարգացումներին հետամուտ լինելով ու առաջացող մարտահրավերները ընդունելով, Եվրոպայի խորհուրդը սահմանում է նոր չափանիշներ, որոնք, օրինակ, առնչվում են բնապահպանական հիմնախնդիրներին, անհատական տվյալների պաշտպանության խնդիրներին, թրաֆիկինգին, ահաբեկչության դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը, գենդերային իրավահավասարությանը, մարդկանց կլոնավորման արգելմանը, ինչպես նաև այլ հրատապ հարցերի: Այս չափանիշները և դրանցում ամրագըրված հասկացությունները շատ կոնկրետ արտահայտություն են ստանում և լայնորեն կիրառվում են ԵԽ համատեքստում: Այս ուղենիշները, ինչպես նաև կիրառվող տերմինները աստիճանաբար դառնում են կազմակերպության հիմնարար սկզբունքներին հետամուտ 46 պետությունների անբաժան մասնիկը:
2001թ. հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը նույնպես միացավ եվրոպական այս ընտանիքին՝ դառնալով ԵԽ լիիրավ անդամներից մեկը: Այսպիսով` այս պատմական ամսաթիվը խորհրդանշում է, որ Եվրոպայի խորհրդի և՛ հիմնարար, և՛ նոր մշակված չափանիշներն ու ուղեցույցները, ինչպես նաև դրանց համապատասխան տերմինները Հայաստանում նույնպես դարձել են իրականություն: Հետևաբար, Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ոչ միայն ենթադրում էր էական փոփոխություններ երկրի քաղաքական և սոցիալական կյանքում, այլև որոշակի նորամուծություններ և լրացումներ հայոց լեզվում և բառապաշարում:
Ահա այս համատեքստում Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակը, հետապնդելով Հայաստանում Եվրոպայի խորհրդի շուրջ ընդհանուր իրազեկության բարձրացման իր հիմնական նպատակը, անխուսափելի և չափազանց անհրաժեշտ համարեց նախաձեռնել Եվրոպայի խորհրդին առնչվող տերմինների և արտահայտությունների երկլեզու բացատրական բառարանի ստեղծումը հետանդամակցային վաղ շրջանում: Մտավորականությանը, լրատվամիջոցներին, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, դասախոսներին, ուսանողներին, թարգմանիչներին, մասնագետներին, ինչպես նաև տվյալ բնագավառով հետաքրքրվող ոչ մասնագետներին և հասարակության լայն շրջանակներին ուղղված այս բառարանի նպատակն է ԵԽ-ին առնչվող տերմինները մատչելի և հասանելի դարձնել հայ հասարակությանը:
Եվրոպայի խորհրդին առնչվող այս անգլերեն-հայերեն բառարանը ներառում է շուրջ 25,000 բառահոդված (ներառյալ ենթահոդվածները), որոնք մանրակըրկիտ ընտրության արդյունքում արտացոլում են Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համատեքստում և փաստաթղթերում կիրառվող տերմինները: Բացատրական բառարանի բառային ֆոնդը ստեղծելու նպատակով ուսումնասիրվել են ԵԽ հիմնարար փաստաթղթերը, կազմակերպության տարբեր մարմինների ընդունած բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Որոշ բառահոդվածներ ներառում են մանրամասն բացատրություններ, մինչդեռ մյուսները պարզապես արտացոլում են հայերեն համարժեքը՝ կախված Եվրոպայի խորհրդում դրանց կիրառման առանձնահատկությունից, դրանց դժվարությունից և/կամ հայկական իրականությունում դրանց բացակայությունից:
Հատուկ ուշադրության են արժանի բառարանի հավելվածները: ԵԽ կոնվենցիաների ցանկը և դրանց թարգմանությունը կերաշխավորի այս հիմնարար փաստաթղթերի անվանումների հայերեն տարբերակների միանման կիրառումը: ԵԽ հապավումների ցանկը, իր հերթին, կապահովի այս հաճախ օգտագործվող, սակայն ոչ դյուրին ընկալվող «տառակույտերի» բացատրությունները և թարգմանությունները: Հայերեն-անգլերեն բառացանկը նույնպես օգտակար ռեսուրս է հետադարձ օգտագործման համար:
Թեպետ մենք գիտակցում ենք, որ Եվրոպայի խորհրդին ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվող նման կոնկրետ տերմինների անգլերեն-հայերեն բացատրական բառարանի այս առաջին փորձը կատարյալ չէ, և այն օգտագործման ընթացքում անընդհատ բարելավման կարիք կունենա, հուսով ենք, որ բացատրական բառարանը՝ բառահոդվածների ընտրությամբ, ԵԽ-ին առնչվող հապավումների և ԵԽ պայմանագրերի ու կոնվենցիաների ցանկով ու թարգմանությամբ, ինչպես նաև այս հրատարակության վերջում տեղ գտած հայերեն-անգլերեն բառացանկով, կծառայի իր նպատակին և բոլոր շահագրգիռ անձանց սեղաններին արդյունավետ և օգտակար գործիք կդառնա:
Բառարանը կազմել են՝Ջ. Ջուֆալակյանը
Ն. Հեքեքյանը
Կ. Անդրեասյանը
Խմբագրել են՝Ա. Խաչատրյան
Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակ
Ե. Թադևոսյան
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն
Լ. Ամիրջանյան
ՀՀ արտաքին գործերի նախարարություն