Print Version
Գլխավոր
եվրոպայի խորհրդի կառուցվածքը
Նախարարների կոմիտե : Խորհրդարանական վեհաժողով : Մարդու իրավունքների եվրոպական դատարան : Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես : Գլխավոր քարտուղարություն

Նախարարների կոմիտե

Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Սա և՛ կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ազգային մոտեցումները, և՛ կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում է անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։

Կազմը

Նախարարների կոմիտեն կազմված է ԵԽ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից: Նախարարները տարվա մեջ երկու անգամ (մայիսին և նոյեմբերին) հանդիպում են եվրոպական համագործակցության և քաղաքական հարցերի վերանայման նպատակով: Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակում է Մշտական ներկայացուցիչ՝ սովորաբար դեսպանի կամ գործերի հավատարմատարի աստիճան ունեցող դիվանագետ: Մշտական ներկայացուցիչը բնակվում է Ստրասբուրգում և մշտական կապ ունի Կազմակերպության հետ:

Յուրաքանչյուր նախարար կարող է նշանակել տեղակալ, որն ունի որոշում կայացնելու՝ նախարարին հավասարազոր իրավասություններ: Տեղակալները, ովքեր սովորաբար անդամ պետությունների Մշտական ներկայացուցիչներն են նաև, իրենց շաբաթական հանդիպումներում իրականացնում են Կոմիտեի ամենօրյա գործունեությունը: Նրանք նախաձեռնում են մարդու իրավունքների և պարտավորությունների վերահսկման առանձին հանդիպումներ։

Դերը

Նախարարների կոմիտեն գործում է որպես`

  • կառավարությունների մի համագումար, որը նրանց հնարավորություն է ընձեռում իրավահավասար հիմունքներով քննարկել եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների ազգային մոտեցումները.
  • կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները.
  • Եվրոպայի խորհրդի գոյության հիմք հանդիսացող արժեքների պահապան՝ Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին։

Գործունեությունը

Նախարարների կոմիտեն ծավալում է հետևյալ գործունեությունը`

  • քաղաքական երկխոսություն,
  • Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցություն,
  • Եվրոպայում տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցություն,
  • նոր անդամ պետությունների ընդգրկում,
  • անդամ պետությունների պարտավորությունների կատարման վերահսկում,
  • կոնվենցիաների և համաձայնագրերի կնքում,
  • անդամ պետությունների համար առաջարկությունների ընդունում,
  • բյուջեի ընդունում,
  • գործողությունների ծրագրի ընդունում և վերահսկում,
  • համագործակցության և օժանդակության ծրագրերի իրականացում,
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկում: