Print Version
Գլխավոր
եվրոպայի խորհրդի կառուցվածքը
Նախարարների կոմիտե : Խորհրդարանական վեհաժողով : Մարդու իրավունքների եվրոպական դատարան : Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես : Գլխավոր քարտուղարություն

Խորհրդարանական վեհաժողով

Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է և ներկայացնում է Կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների հիմնական քաղաքական միտումները: Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի քառասունհինգ անդամ պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։

Իր գոյության ավելի քան հիսուն տարիների ընթացքում Խորհրդարանական վեհաժողովը, որպես միջխորհրդարանական մարմին, ցուցաբերել է մեծագույն ճկունություն և հարմարվողականություն Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների և մասնավորապես վերջին տարիներին տեղի ունեցած պատմական արմատական փոփոխությունների նկատմամբ: Ուրիշ ոչ մի միջազգային խորհրդարանական մարմին այնքան պատրաստված չի եղել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր ժողովրդավարական երկրների ինտեգրացման հարցում, որքան Խորհրդարանական վեհաժողովը:

Դերը.

Խորհրդարանական վեհաժողովը զբաղվում է արդիական և հեռանկարային հարցերով՝ ներառյալ ժամանակակից հասարակության խնդիրներն ու միջազգային քաղաքականության ասպեկտները, էական ուղեցույց է հանդիսանում Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի միջկառավարական սեկտորների գործունեության համար, խրախուսում է եվրոպական ազգերի միջև իրական խորհրդարանական համագործակցությունը` դրանով իսկ նպաստելով առանց տարանջատումների առավել մեծ Եվրոպայի կառուցմանը:

Կառուցվածքը և կազմակերպման ձևը.

Անդամները. Խորհրդարանական վեհաժողովն ունի 315 անդամ իրենց 315 տեղակալներով, որոնք ընտրվում կամ նշանակվում են ազգային խորհրդարանների կողմից: Կախված բնակչության թվից յուրաքանչյուր երկիր ունի 2-ից 18 ներկայացուցիչ: Վեհաժողովում ազգային պատվիրակությունները կազմված են այնպես, որ ապահովեն իրենց խորհրդարաններում քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչությունը:

Վեհաժողովի բյուրոն. Նախագահը, նրա տասնութ տեղակալները և քաղաքական խմբերի կամ նրանց ներկայացուցիչների ղեկավարները կազմում են Վեհաժողովի բյուրոն: Բյուրոյի պարտականությունները ներառում են` Վեհաժողովի օրակարգի նախապատրաստում, հանձնաժողովներին հղումներ փաստաթղթերի վերաբերյալ, առօրյա գործերի կազմակերպում, այլ միջազգային մարմինների հետ հարաբերություններ և այլն:

Հանձնաժողովները.

 

  • Ընդլայնված միացյալ հանձնաժողով` համակարգում է Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի գործունեությունը և պահպանում լավ հարաբերություններ նրանց միջև:
  • Մշտական հանձնաժողով` գործում է Վեհաժողովի անունից, երբ վերջինս նստաշրջանում չէ:
  • Քաղաքական հարցերի հանձնաժողով` քննում է Եվրախորհրդին անդամակցելու հայցերը, անդրադառնում է Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությանն առնչվող հարցերին, ինչպիսիք են՝ հակամարտությունների հանգուցալուծումը, սահմանադրական և քաղաքական ճգնաժամերի կառավարումը և այլն:
  • Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողով` գործում է որպես Վեհաժողովի «իրավական խորհրդատու»՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը:
  • Տնտեսական և զարգացման հանձնաժողով` զբաղվում է բազմաբնույթ տնտեսական հարցերով` տնտեսական համագործակցություն, աճ և զարգացում Եվրոպայում, համաշխարհային տնտեսական համագործակցություն և զարգացում, Եվրոպայի պայքարը տնտեսական հանցագործությունների և կաշառակերության դեմ, «Հյուսիս-հարավ» զարգացման համագործակցությունը, եվրոպական տրանսպորտային քաղաքականությունը:
  • Սոցիալական, առողջապահական և ընտանեկան հարցերով հանձնաժողով` ուշադրությունը բևեռում է աշխատանքի և զբաղվածության հարցերի շուրջ, ինչպես նաև անդամ պետությունների՝ մասնավորապես անցումային փուլում գտնվող եվրոպական նոր ժողովրդավարական երկրների քաղաքական կայունության համար վճռական սոցիալական կապերի ապահովման անհրաժեշտությանը:
  • Բնակչության տեղաշարժերի, փախստականների և ազգաբնակչության հարցերով հանձնաժողով` զբաղվում է գաղթականների, փախստականների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակմամբ` նպատակ ունենալով բարելավել վերջիններիս կենսապայմանները, փնտրում է գաղթականների և փախստականների էական շարժերին, գաղթականների ինտեգրացմանը վերաբերող՝ անդամ պետությունների մտահոգություններին արձագանքելու ուղիներ և ժողովրդագրական միտումներ` առաջարկելով քաղաքական լուծումներ և հավատարիմ մնալով Եվրոպայի խորհրդի մարդասիրական արժեքներին։
  • Մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողով` փնտրում է քաղաքական լուծումներ գիտական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում ժամանակակից հասարակության առջև ծառացած խնդիրների համար` ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունն ու էներգետիկան, իշխանություններին իրազեկում է գիտական և տեխնոլոգիական որոշումների ազդեցության շուրջ և նպաստում քաղաքական որոշումներ կայացնողների և գիտական համայնքի միջև երկխոսության ամրապնդմանը:
  • Շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու տեղական և տարածքային հարցերով հանձնաժողով` զբաղվում է կայուն զարգացման հարցերով, որոնք ընդգրկում են շրջակա միջավայրը, տարածքային պլանավորումը և գյուղական վայրերի զարգացումը. առնչվում է տեղական և տարածքային իշխանությունների հետ տեղական ժողովրդավարության և ռեգիոնալիզացիայի առումով, զբաղվում սննդի և ձկնորսության հարցերն ընդգրկող գյուղատնտեսական խնդիրներով:
  • Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով հանձնաժողով
  • Կանոնակարգի և անձեռնմխելիության կանոնների հանձնաժողով` զբաղվում է Վեհաժողովի և դրա հանձնաժողովների գործառնությանը վերաբերող ընթացակարգային հարցերով, ապահովում է գործնականում կանոնների պատշաճ կիրառումը և ճշգրիտ մեկնաբանումը:
  • Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողով` վերահսկում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը` խթանելով անցումը բազմակարծ ժողովրդավարության:

Քաղաքական խմբերը.

 

  • Սոցիալիստական խումբ,
  • Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խումբ,
  • Եվրոպական ժողովրդավարական խումբ,
  • Լիբերալների, ժողովրդավարների և բարեփոխիչների խումբ,
  • Միավորված եվրոպական ձախ ուժերի խումբ:

Անդամ պետությունների պատվիրակությունները.

Ադրբեջան (6), Ալբանիա (4), Անդորա (2), Ավստրիա (6), Բելգիա (7), Բոսնիա և Հերցեգովինա (5), Բուլղարիա (6), Գերմանիա (18), Դանիա (5), Էստոնիա (3), Թուրքիա (12), Իռլանդիա (4), Իսլանդիա (3), Իսպանիա (12), Իտալիա (18), Լատվիա (3), Լեհաստան (12), Լիխտենշտեյն (2), Լիտվա (4), Լյուքսեմբուրգ (3), Խորվաթիա (5), Կիպրոս (3), Հայաստան (4), Հունաստան (7), Հունգարիա (7), Մալթա (3), Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն (3), Միացյալ Թագավորություն (18), Մոլդովա (5), Մոնակո (2), Նիդեռլանդներ (7), Նորվեգիա (5), Շվեդիա (6), Շվեյցարիա (6), Չեխիայի Հանրապետություն (7), Պորտուգալիա (7), Ռումինիա (10), Ռուսաստանի Դաշնություն (18), Սան Մարինո (2), Սերբիա և Մոնթենեգրո (7), Սլովակիա (5), Սլովենիա (3), Վրաստան (5), Ուկրաինա (12), Ֆինլանդիա (5), Ֆրանսիա (18)։