ստորակետով:
մամլո հաղորդագրությունների արխիվ
Ստրասբուրգ, 07.06.2012
Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում վերջերս տեղ գտած դեպքերի կապակցությամբ, որոնցում ներգրավված են եղել ղեկավար քաղաքական գործիչներ, ովքեր բացահայտորեն ներողամտություն են դրսևորել միասեռականների հանդեպ կատարվող բռնությունների նկատմամբ:
Ակումբի հրկիզումը բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից բնութագրվել է որպես միանգամայն ճիշտ և արդարացված ընդվզում միասեռականների հանդեպ: Այդ հարձակման առնչությամբ ոստիկանության կողմից ձերբակալված անձանցից մեկը ազատ է արձակվել խորհրդարանի երկու պատգամավորների երաշխավորությամբ, որոնք ենթադրաբար արտահայտել են ենթադրյալ օրինախախտների նկատմամբ իրենց աջակցությունը, ի թիվս այլոց, մամուլին արված հայտարարություններով:
ՌԱԵՀ-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նման հայտարարությունները և նրանց կողմից խրախուսվող ատելության տարբեր դրսևորումները անխուսափելիորեն կունենան կործանարար հետևանքներ խաղաղ և հանդուրժողական հասարակության համար, որ Հանձնաժողովը մշտապես փորձում է ամրապնդել Հայաստանում և Եվրոպայի խորհրդի մյուս բոլոր անդամ պետություններում:
Ըստ ՌԱԵՀ-ի տեսակետի, նման բնույթի իրադարձությունները ստեղծում են անպատժելիության վտանգավոր զգացում, ինչը հիմնովին խարխլում է մարդու իրավունքների նկատմամբ համընդհանուր հարգալից վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով, ՌԱԵՀ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հանգամանորեն հետաքննել այս հանցավոր գործողության, որը սկիզբ հանդիսացավ նշված իրադարձությունների համար, բոլոր հանգամանքները՝ նպատակ ունենալով, ի թիվս այլոց, պարզել այդ ենթադրյալ օրինախախտների դրդապատճառները: Այն նաև հաստատակամորեն կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին զերծ մնալ նման ծայրահեղ դրսևորումներից, որոնք ակնհայտորեն անհամապատասխան են այն արժեքներին, որոնց ՈԱԵՀ-ն մշտապես սատարում է:
''Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը'' /ՌԱԵՀ/ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով մարմիններից է` բաղկացած անկախ փորձագետներից, որը մշտադիտարկում է ռասիզմի, էթնիկ ծագման, մաշկի գույնի, քաղաքացիության, կրոնի և լեզվի հիման վրա խտրականության, ինչպես նաև մարդատյացության, հակասեմականության և անհանդուրժողականության հետ կապված խնդիրներ, պատրաստում է զեկույցներ և ներկայացնում է հանձնարարականներ անդամ երկրներին: ՌԱԵՀ-ի մասին առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.coe.int/ecri
Մամուլի կոնտակտ` Ստեֆանո Վալերի, Եվրոպայի խորհուրդ, հեռ.` +33 (0)3 90 21 43 28 էլ. փոստ`stefano.valenti@coe.int








